Նորություններ

ԱՀ ԱԱԾ Տնօրեն, գեներալ-լեյտենանտ Կամո Աղաջանյանի շնորհավորական ուղերձը՝ Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության անունից ջերմորեն շնորհավորում եմ մեզ բոլորիս՝ Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ: Արցախահայությունն անկախություն հռչակելով ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի թոհուբոհում, նոր ազդակ հաղորդեց համայն հայությանը և գալիք սերունդներին՝ հայի ինքնությունն ու արժանապատվությունը պաշտպանելու, հայրենի հողում խաղաղ ու ստեղծագործ կյանքին լծվելու իր ձգտումներին:

Պատերազմի արհավիրքների միջով անցած, անդառնալի կորուստներ կրած, բայց հաղթանակած ժողովուրդը միահամուռ համախմբվածությամբ սկսեց շենացնել ազատ ու անկախ Հայրենիքը:

Անգնահատելի է մեր հազարավոր հայորդիների նվիրումն ու պայքարն անկախության կերտման գործում: Փառք ու պատիվ Հայրենիքի նվիրյալ հերոսներին:

Անկախության տարիները մեր ժողովրդի համար դարձան նոր վերածննդի, պետականաշինության և ժողովրդավարական արժեհամակարգի հաստատման ժամանակաշրջան:

Այսօր Արցախը զարգացման մի նոր փուլ է թևակոխել, պետության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված լայնածավալ աշխատանքներին զուգահեռ ամրապնդվում է երկրի պաշտպանունակությունն ու անվտանգությունը:

Կրկին շնորհավորելով Արցախի Հանրապետության անկախության հռչակման 29-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ հարատև խաղաղություն, բարօրություն ու բարգավաճում: