Նորություններ

ԱՀ ԱԱԾ Տնօրենի շնորհավորական ուղերձը՝ Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ: Անկախության հռչակումը արցախահայության և հայ ժողովրդի կյանքում պատմական ու ռազմաքաղաքական մեծագույն հաջողություններից է, հայ մարդու ինքնության ու արժանապատվության ինքնատիպ դրսևորում, իր պապենական հողում ազատ ապրելու և ստեղծագործելու գերագույն ձգտում:

Արցախյան ազատագրական շարժման հազարավոր նվիրյալ հայորդիների անձնազոհության ու սեփական ժողովրդի ֆիզիկական անվտանգության ու պաշտպանության շնորհիվ կերտեցինք ազատ ու անկախ Հայրենիք, արժանապատիվ կյանքով ապրելու իրավունք:

Փառք ու պատիվ անկախության նվիրյալներին, ովքեր անմահացան հանուն Հայրենիքի:

Անկախության 28 տարիները Արցախի ժողովրդի համար դարձան պետականաշինության, իրավական և ժողովրդավարական երկիր ձևավորելու, կայացման ու զարգացման բարդ ու պատասխանատու ժամանակշրջան:

Արցախի Հանրապետության անկախության հռչակումն ու նոր մարտահրավերի հաղթահարումը համայն հայության՝ Հայաստանի, Սփյուռքի ու Արցախի միասնական համախմբվածության և ազգային իղձերի իրականացման հավաքական կամքի դրսևորումն էր:

Կրկին շնորհավորելով Արցախի Հանրապետության օրվա առիթով, մեր ժողովրդին մաղթում ենք երկարատև խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում: